28 սեպտեմբերի 2012 - 11:39 AMT
Հայաստանը դեսպան կունենա Մոնտենեգրոյում

Մոնտենեգրոյի արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Նեբոյշա Կալդերովիչի հետ Էդվարդ Նալբանդյանի հանդիպման ժամանակ անդրադարձ եղավ երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի ձևավորմանը, գործարար կապերի խթանմանը, ապակենտրոնացված համագործակցությանը: Նախարարները պայմանավորվածություն ձեռք բերեցին միմյանց մայրաքաղաքներում համատեղության կարգով դեսպաններ հավատարմագրելու, ԱԳՆ-ների միջև համագործակցության մասին հուշագրի ստորագրելու վերաբերյալ:

Արտգործնախար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Վրաստանի իր գործընկերոջ Գրիգոլ Վաշաձեի հետ: Զրուցակիցներն անդրադարձան երկու երկրների ղեկավարների պայմանավորվածությունների կատարման ընթացքին, երկկողմ փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակին:

Նույն օրը երեկոյան Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարների պատվին Ֆրանսիաի արտգործնախարար Լորան Ֆաբիուսի կողմից տրված ընդունելությանը, որին ներկա էին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը, ՖՄԿ անդամ երկրների արտգործնախարարներ, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը: