28 սեպտեմբերի 2012 - 17:31 AMT
Մեդվեդևը հրավիրել է այլ երկրներին միանալ ԱՊՀ ազատ առևտրի գոտուն

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հրավիրել է այլ երկրներին միանալ ԱՊՀ տարածքում ազատ առևտրի գոտուն: Այդ մասին նա հայտարարել է սեպտեմբերի 28-ին` ելույթ ունենալով Յալթայի ներդրումային համաժողովում:

Նրա խոսքով, այն բանից հետո, երբ Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը միավորվել են Մաքսային միության մեջ, նրանց միջև ապրանքաշրջանառությունն աճել է 30-40 տոկոսով, իսկ միասնական շուկան կազմել է 165 մլն մարդ: Մեդվեդևի կարծիքով, պոտենցիալը, որը ԱՊՀ երկրների առաջնորդները կարողացել են ստեղծել վերջին տարիներին, «վատ չէ»: «ԱՊՀ վախճանի մասին բոլոր խոսակցությունները ոչ մի բանի վրա հիմնված չեն»,- ասել է ՌԴ վարչապետը:

Նա հիշեցրել է, որ անցած տարի Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ 8 անդամ երկրներ ստորագրել են համապատասխան փաստաթուղթ, և այն արդեն վավերացվել է հինգ պետությունների կողմից` Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Հայաստանի և Մոլդովայի, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: