29 սեպտեմբերի 2012 - 17:27 AMT
ՀՀ վարչապետը հանձնարարել է սիրիահայերից ժամանակավորապես չգանձել մաքսատուրք ավտոմեքենայի համար

Վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ տեղի է ունեցել սիրիահայերի խնդիրների վերաբերյալ խորհրդակցություն:

Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, զեկուցվել է, որ Հայաստան ժամանած սիրիահայերը ներկայում Սիրիա վերադառնալ չեն կարող, և քանի որ նրանք Հայաստան մշտական բնակության չեն վերադարձել, նրանց անձնական օգտագործման գույքն, այդ թվում ավտոմեքենան չի կարող մաքսազերծվել ՀՀ մաքսային օրենսգրքով նախատեսված արտոնությամբ: Բացի այդ, մաքսատուրքի վճարումը կամ յուրաքանչյուր անգամ ավտոմեքենաների գտնվելու ժամկետի երկարաձգումն արդեն նյութական դժվարություններ ունեցող սիրիահայերի համար խնդրահարույց է:

Ելնելով վերոնշյալից և հաշվի առնելով հարցի հրատապությունը` կառավարության ղեկավարը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանին հանձնարարել է սիրիահայերից ժամանակավորապես չգանձել մաքսատուրք և մեքենան Հայաստանում շահագործելու հնարավորություն ընձեռել առանց տուրքի և տուգանքի: