1 հոկտեմբերի 2012 - 11:56 AMT
Հովիկ Աբրահամյանը թույլ չի տվել ԲՀԿ-ին ԱԺ-ում տարածել Օսկանյանին արդարացնող փաստաթղթեր

ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը թույլ չի տվել «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանը նիստերի դահլիճում տարածել ԲՀԿ-ական պատգամավոր և ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասին ՀՀ գլխավոր դատախազության միջնորդության չհիմնավորվածության իրավական հիմքերով փաստաթղթերը: Այդ մասին լրագրողներին է հայտնել ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Ըստ նրա, ԲՀԿ պատգամավորների օգնականները կկանգնեն նիստերի դահլիճի մուտքի մոտ և պատգամավորներին կբաժանեն փաստաթղթերը:

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը սեպտեմբերի 27-ին միջնորդությամբ դիմել էր ԱԺ՝ առաջարկելով պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել ԲՀԿ խմբակցության անդամ, ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանին «Սիվիլիթաս» հիմնադրամի կողմից «փողերի լվացման» գործի հետաքննության շրջանակներում: