1 հոկտեմբերի 2012 - 16:07 AMT
Լեհաստանի երկու քաղաքներում խաչքարեր են տեղադրվել

Աշխարհի հայ նկարիչների միությունը, «ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը Beeline) աջակցությամբ Լեհաստանի երկու քաղաքներում տեղադրել է հայ և լեհ ժողովրդների բարեկամությունը խորհրդանշող խաչքարեր:

Լեհաստանի խոշորագույն քաղաքներից մեկի` Վրոցլավի կենտրոնում տեղադրվել է խաչքար, որը նշանավորում է հայ և լեհ ժողովրդների դարավոր բարեկամությունը: Եվս մեկ խաչքար տեղադրվել է Հովհաննես Պողոս Բ ծննդավայր Օլշթեյն քաղաքում: Այն խորհրդանշում է Հայաստանի և Լեհաստանի բարեկամությունը և պոնտիֆիկի հիշատակը: 4.5 և 3.5 մետր բարձրությամբ բնական կարմիր տուֆից պատրաստած խաչքարերի հեղինակներն են Տարոն Մարտիրոսյանը և Բագրատ Բալաբեկյանը: Խաչքարերի բացման արարողություններին ներկա էին Լեհաստանի խորհրդարանի նախագահը, մշակույթի նախարարը, պետական և հոգևոր գործիչներ, ինչպես նաև Աշխարհի հայ նկարիչների համանախագահները և «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրենը:

«Խաչքարը` հայ ազգի, նրա պատմության և կրոնի ամենահայտնի կերպարն է և ամենաճանաչված խորհրդանիշը: Դարեր ի վեր, առ այսօր խաչքարը հանդիսանում է ոչ միայն հայկական արվեստի հուշարձան, այլ նաև ազգի ոգու արտահայտություն: Նախիջևանի խաչքարերի ոճով պատրաստված այս հուշարձանները կդարնան հայ և լեհ ժողովուրդների ևս մեկ խորհրդանիշ», - նշեց Աշխարհի հայ նկարիչների միության համանախագահ Ղազար Միրզոյանը:

«Հազարավոր տարիներ խաչքարերը տեղադրվել են պատմական և մշակութային նշանակալի իրադարձությունների պատվին: Արվեստի այս կոթողները կրում են հայ ժողովրդի ոգին ու հիշողությունը, հարուստ պատմությունը և մշակույթը: Հանդիսանալով Հայաստանի ազգային օպերատոր, «ԱրմենՏել» ընկերությունը մշտապես աջակցում է հայ ժողովրդի մշակութային ժառանգության պահպանման ծրագրերին: Աշխարհի հայ նկարիչների հետ մեր համագործակցությունը` բարի ավանդույթ է, և շատ հաճելի է տեսնել, որ մեր ներդրումը հնարավորություն ընձեռեց տեղադրել ոչ միայն հայոց հարուստ պատմության երկու հուշակոթող, այլև Հայստանի և Լեհաստանի բարեկամության երկու խորհրդանիշ», - նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ:

Խաչքարն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության» ցանկում` «Խաչքարի խորհուրդը և խաչքարագործությունը. հայկական խաչքարեր» ձևակերպմամբ: