1 հոկտեմբերի 2012 - 19:23 AMT
ԿԳ նախարար. Հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունները նախարարության ուշադրության կենտրոնում են

Հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում մշտադիտարկում իրականացնող հասարակական խորհրդի նախաձեռնությամբ այսօր ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն աշխատանքային հանդիպում է ունեցել խորհրդի անդամների hետ: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են ԿԳՆ-ից: Հանդիպման առիթը Եվրոպային Խորհրդի` Հայաստանի հետ իրականացվող 2012-14 թթ. գործողությունների ազգային ծրագրի կրթության հատվածում հատուկ կրթության իրավունք ունեցող երեխաներին վերաբերող նոր ծրագրի քննարկումն էր: Խորհրդի անդամներին, մասնավորապես, հետաքրքրում էր նշված ծրագրի շրջանակում խորհրդի դերակատարությունը, ծրագրի նպատակները, ինչպես նաև իրականացման մեխանիզմերը:

«Ոլորտն ունի հավելյալ աջակցության կարիք. այդ է պատճառը, որ նախարարությունը ԵԽ ազգային գործողությունների ծրագրում առաջարկել է ներառել նաև նշված ոլորտը: Վերջին երկու տարիների ընթացքում, այդ թվում նաև հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում մշտադիտարկում իրականացնող հասարակական խորհրդի շնորհիվ, զգալիորեն նվազել են դժգոհությունները հատուկ կրթության համակարգից»,- նշել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

Նախարարը հանդիպման մասնակիցներին նաև տեղեկացրել է, որ որոշակի փոփոխություններ են նախատեսվում «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում, ավելացրել, որ նոր օրենքի հիմնաքարը երեխայի իրավունքներն են և կրթության կազմակերպումը` ըստ երեխայի կրթական կարիքների և կրթության իրավունքի իրականացման: