26 մարտի 2005 - 10:51 AMT
ԳԵՐՄԱՆԱՑԻ ՓՈՐՁԱԳԵՏ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻԱԿ ԽՆԴԻՐԸ ԱՅՆ Է, ՈՐ ՆԱ ՉՈՒՆԻ «ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻ», ՈՐԸ ԿԱՐՈՂԱՆԱՐ ՄՈԲԻԼԻԶԱՑՆԵԼ ԵՐԿԻՐԸ ԽԱՂԱՂ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ
Հայաստանի միակ խնդիրը այն է, որ նա չունի իր «Սահակաշվիլին», որը կկարողանար մոբիլիզացնել երկիրը խաղաղ իշխանափոխության: Այդ մասին հայտարարել է Բեռլինում գտնվող Գիտության եւ քաղաքականության գերմանական հիմնադրամի SWP Կովկասի գծով փորձագետ Ուվե Հալբախը, հաղորդում է Deutschewelle: Հայաստանում 2003 թվականի վերջին նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների արդյունքները համարվում են կեղծված, հիշեցրել է Հալբախը: Երկրում քաղաքական հուզումների առիթ հանդիսացավ այն, որ 2004 թվականի գարնանը ՀՀ Սահմանադրական դատարնը խորհուրդ էր տվել անցկացնել նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ կառավարությանը վստահության հանրաքվե: Եվ այնուամենայնիվ ուժերի ներքաղաքական դասավորումը Հայաստանում էապես տարբերվում է Վրաստանում իշխանափոխության նախաշեմին տիրող իրավիճակից, ընդգծել է փորձագետը: Սակայն Ուկրաինան եւս, հիշեցնում է նա, 2003 թվականի նոյեմբերին չէին համարում «թբիլիսյան սցենարի» շարունակության հնարավոր թեկնածու: Գերմանացի փորձագետը ընդգծել է, որ ուկրաինական ընտրություններում ընդդիմության հաղթանակից հետո կրկին հարց առաջացավ, թե որտեղ Մինսկի եւ Բիշքեկի միջեւ ընկած տարածքում տեղի կունենա հաջորդ «գունավոր հեղափոխությունը»: Հայաստանը դեռեւս գույներ չի ընտրել իր «թավշյա հեղափոխության» համար, սակայն արդեն ուղղումներ է մտցրել իր արտաքին քաղաքական կուրսի մեջ: