3 հոկտեմբերի 2012 - 16:13 AMT
Բիշքեկում երեք ցուցարարներ հրազենային վնասվածք են ստացել

Երեք մարդ է տեղափոխվել հիվանդանոց հրազենային վերքերով չորեքշաբթի օրը Բիշքեկի կենտրոնում հանրահավաքի մասնակիցներին ցրելու արդյունքում, հայտնել է «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը Ղրղզստանի առողջապահության նախարարության մամուլի կենտրոնի խորհրդատու Ելենա Բայալինովան:

Հանրահավաքի մասնակիցները, որոնք սատարում են ոսկու խոշորագույն «Կումտոր» հանքավայրի ազգայնացման գաղափարին, փորձել են ներխուժել խորհրդարանի շենք: Ցուցարարները քարեր են նետել շենքի և այն պաշտպանող ոստիկանների ուղղությամբ: Ընդամենը հանրահավաքին մասնակցել է մոտ 1,5 հազար մարդ:

Գրոհի փորձից հետո հրապարակ են մտել հատուկ նշանակության ուժերը, որոնք հանրահավաքը ցրելու համար կիրառել են լուսա-աղմկային նռնակներ և արցունքաբեր գազ:

Այս պահի դրությամն հանրահավաքի մասնակիցները լքել են հրապարակի տարածքը, և այժմ տեղաբաշխվել են հարևան այգիներում ու պուրակներում: Ոստիկանությունը փորձել է ձերբակալել առաջնորդներին, որոնք հրապարակի կենտրոնում էին, սակայն ցուցարարները դիմադրել են:

Ըստ նախնական տվյալների, կրակոցները կատարվել են ցուցարարների ամբոխից, վիրավորների թվում կա նաև ոստիկան: