3 հոկտեմբերի 2012 - 18:31 AMT
Անդերս ֆոգ Ռասմուսենի մանդատը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում երկարացվել է ևս մեկ տարով

Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրները պայմանավորվել են երկարացնել Անդերս ֆոգ Ռասմուսենի մանդատը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում ևս մեկ տարով՝ մինչև 2014 թվականի հուլիսի ավարտը:

Այդպիսով, Ռասմուսենը կհեռանա պաշտոնից Աֆղանստանում ՆԱՏՕ-ի գործողության ավարտից ընդամենը մի քանի ամիս շուտ:

Որպես կանոն, ՆԱՏՕ ղեկավարները նշանակվում են քառամյա ժամկետով՝ մեկ տարի երկարաձգման իրավունքով: Ռասմուսենի լիազորությունները երկարացնելու մասին որոշումն ընդունել են ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեսպանները չորեքշաբթի կայացած նիստում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը Ռասմուսենը ստանձնել է 2009թ. օգոստոսի 1-ին: