3 հոկտեմբերի 2012 - 18:30 AMT
Տարոն Մարգարյանը հանդիպել է Իրաքի Դոհուք քաղաքի քաղաքապետին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ Արմավիր մարզի Ակնալիճ գյուղում «Եզդիների սրբատեղի» տաճարի բացման արարողությանը մասնակցելու նպատակով Երևան ժամանած Իրաքի Դոհուք քաղաքի քաղաքապետ Շաուքադ Մոհամմեդ Էմինի և Դիարբեքիրի Սուր թաղամասի թաղապետ Աբդուլահ Դեմիր Բաշի հետ:

Ինչպես հայտնում է Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունը, քաղաքապետը հյուրերին ներկայացրել է մայրաքաղաքի զարգացման հեռանկարները, քաղաքային տնտեսության տարբեր ենթակառուցվածքներում իրականացվող բարեփոխումներն ու կառավարման համակարգի բարելավմանն ուղղված քայլերը` նշելով, որ Երևանն այսօր զարգացման լայն հեռանկարներ ունի:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել հյուրերի պատրաստակամությունը` համագործակցության եզրեր քննարկելու վերաբերյալ:

Կողմերը զրուցել են նաև միջմշակութային տարբեր հարցերի շուրջ և պայմանավորվածություն ձեռք բերել հնարավոր համատեղ ծրագրեր մշակել: