28 մարտի 2005 - 11:40 AMT
ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՆՔԸ ՊԵՏՔ Է ՇԱՀԱԳՐԳԻՌ ԼԻՆԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՌՋԵՎ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ, ԳՏՆՈՒՄ Է ՀԱՅ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ
Հայաստանն ինքը պետք է շահագրգռված լինի Եվրոպայի Խորհրդի առջեւ ստանձնած պարտավորությունների կատարման հարցում: Այդ մասին Եվրախորհրդին անդամակցելիս Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարմանը նվիրված քննարկման ընթացքում այսօր հայտարարել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Շավարշ Քոչարյանը: Նրա խոսքերով, այսօրվա դրությամբ ընդամենը երեք երկիրր են գտնվում ԵԽ ուշադրության կենտրոնում` Հայաստանը, Ադրբեջանն ու Ռուսաստանը: Սակայն, նշել է նա, ԵԽ-ն միշտ հաշվի կնստի Ռուսաստանի հետ: Հայաստանի համար գլխավոր խնդիր է առաջ անցնել Ադրբեջանից Եվրոպայի Խորհրդի առջեւ ստանձնած պարտավորությունների կատարման հարցում: Սակայն պարտավորությունների չկատարումը չի նշանակում, թե ԵԽ-ն կհրաժարվի Հայաստանից, քանի որ գոյություն ունեն եւ այլ եվրոպական ծրագրեր, որոնց մասնակցում է նաեւ Հայաստանը: Շ.Քոչարյանի կարծիքով, ԵԽ-ն կսկսի հատուկ ուշադրություն դարձնել Հայաստանին ընթացիկ տարվա հոկտեմբերին , Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններից հետո: Միեւնույն ժամանակ, հենց մինչ այդ է Հայաստանում նախատեսվում հանրաքվե անցկացնել ՀՀ Սահմանադրության եւ Ընտրական օրենսգրքում փոփոխությունների վերաբերյալ: Սակայն, նրա խոսքերով, Հայաստանի իշխանությունները շարունակում են չկատարել ԵԽ առջեւ ստանձնած պարտավորությունները: