4 հոկտեմբերի 2012 - 14:09 AMT
ԱԳՆ շենքը կվաճառվի շուրջ 51 մլն դոլարով

Կառավարությունն այսօր նիստի ժամանակ հավանության արժանացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Երևան քաղաքի Կառավարական թիվ 2 մասնաշենք հասցեում գտնվող 14,241.9 քառ. մետր մակերեսով շենք, շինությունները (այսուհետ՝ գույք) և դրանց սպասարկման և օգտագործման համար հատկացված հողամասի պետական բաժնեմասն ուղղակի վաճառքի ձևով օտարել «Տանգո» փակ բաժնետիրական ընկերությանը՝ 51 271 006 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

Գույքի վաճառքի գնի մի մասի դիմաց ընկերությունն առաջարկում է պետությանը հանձնել գնորդի դուստր հանդիսացող ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը` անվանական արժեքով, որի հաշվեկշռում կլինի ք.Երևան Վ.Սարգսյան3 հասցեում գտնվող 0.5081 հա հողամասը, վրան կառուցված շենք ավարտված վիճակում (առանց նախկին սեփականատերերին տրամադրվելիք տարածքները ներառող մասնաշենքի), իսկ գույքի վաճառքի գնից մնացած մասը վճարել դրամական միջոցներով: