29 մարտի 2005 - 11:16 AMT
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՍՊԱՆ. ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՄԵԾ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ ԿԴԱՌՆԱ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ
«Ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի հակամարտության կողմերի միջեւ` միջնորդների աջակցությամբ: Նոր պատերազմը մեծ ողբերգություն կդառնա տարածաշրջանի ժողովուրդների համար»,- Երեւանում «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը: Կարգավորման ուղիները» խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Կյուրին, տեղեկացնում է «Ռեգնում» ռուսաստանյան լրատվական գործակալությունը: Միեւնույն ժամանակ, նա ընդգծել է, որ իմաստ չունի ձգձգել բանակցային գործընթացը, քանզի ժամանակն աշխատում է ո'չ Հայաստանի, ո'չ էլ Ադրբեջանի օգտին: Դեսպանի խոսքերով` Հայաստանի տրանսպորտային խնդիրները, վաճառահանման շուկայի սահմանափակությունը եւ բնակչության ցածր վճարունակությունն ազդում են ներդրողների տրամադրության վրա, որը նաեւ բացասաբար է անդրադառնում երկրի տնտեսության վրա: Ա.Կյուրին նշել է նաեւ, որ հայ հասարակության աշխատասիրությունը, խելքը եւ զարգացածությունը կարող էին դառնալ տարածաշրջանային մասշտաբի հաղթաթուղթ, սակայն գոյություն ունեցող իրավիճակը թույլ չի տալիս օգտագործել այդ հաղթաթուղթը: Նշենք, որ «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը: Կարգավորման ուղիները» խորհրդարանական լսումների ժամանակ ներկա են Հայաստանի ԱԳ նախարարը, հասարակական կազմակերպությունների, Լեռնային Ղարաբաղի ղեկավարության, արտասահմանյան դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ 1992-1996 թվականների ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի կողմից համանախագահ, դեսպան, Լեռնային Ղարաբաղի հարցերով ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ Վլադիմիր Կազիմիրովը: