
Ամեն առավոտ նույն կերպ՝ մարդիկ գրեթե թափվում են երթուղայինից, բայց ուրիշներն էլի բարձրանում են՝ կուշանան: Շոգ է, ներսում շնչելու օդ չկա, բոլորի օծանելիքի հոտերն իրար են խառնվել: Մեկը ձեռքիդ վրա է շնչում, մյուսը ծոծրակիդ, ընթացքի ժամանակ հրում են, իջնել-բարձրանալիս մազերդ քաշքշում: Միզանտրոպ դառնալու բոլոր հիմքերը ստեղծված են:
Քիչ ավելի մեղմ պայմաններում՝ օրվա երկրորդ կեսն էր, հասնում եմ քաղաքապետարան: Հրավիրված ասուլիսին տրանսպորտի վարչության պետը բավական ներկայանալի տեսքով էր: Մտքովս անցավ, որ հաստատ մեքենայով է քաղաքապետարան հասել: Իր խոսքով առավոտյան Մոնումենտի շրջանում ստգումներ է իրականացրել: Այ, հենց այդտեղից էլ հաստատ մեքենայով վերադարձաձ կլինի:
Իր գործից գոհ պաշտոնյան կատարած աշխատանքները թվեց առանց մանրուք բաց թողնելու, դժգոհողներիս ասում է՝ համբերեք, երթուղային նոր ցանցը կներդրվի, կվերջանա, լավ կլինի: Թե դեռ ինչքան համբերենք՝ ինքն էլ չգիտի: Կամ գիտի, բայց չի նշում, գիտի նաև, որ լրանա, գործն արած չլինեն, կգնանք, «վզիցը կբռնենք», կասենք՝ բա ու՞ր է: Իսկ որ արած չեն լինի, ավելի հավանական է:
Դրական փոփխություններ, իհարկե, հնարավոր են, բայց համաձայնեք, որ խնդիրը չի լուծվի, եթե վարորդները չուզեն: Նրանք են ուղևորներին թույլ տալիս խցկվել, ուշ են երթուղի դուրս գալիս, դանդաղ են վարում. այդպես են վաստակում: Նրանց էլ մեղադրել չի լինի:
Վարորդ էլ չկա: Գարնանը ներկրած չինական 150 ավտոբուսից 80-ը դեռ վարորդ չունի՝ պաշտոնական հիմնավորմամբ միայն ու միայն D կարգ ունեցող վարորդների պակասի պատճառով: Մյուս պատճառների մասին երևի բոլորս գիտենք՝ պատասխանատուներից բացի:
Հենրիկ Նավասարդյանին հարցնում եմ՝ իր այդքան սիրելի նոր ցանցի ներդրումից հետո վարորդների վաստակելու եղանակը նույնը կմնա, թե նրանք կսկսեն կայուն եկամուտ ունենալ: Ի պատասխան տրանսպորտի վարչության պետը նորմալ համարեց նույնիսկ որոշ երթուղիներում վարորդների՝ 40.000 դրամ պլան փակելը: Վարորդներն այսպես էլ շարունակելու են աշխատել: Հիմնավորեց. «Տրանսպորտային միջոցի, վառելիքի ծախսերը հաշվի առնելով»: Նրա տվյալներով վարորդներն օրեկան 6-7 հազար դրամ են աշխատում»:
Նրա պատասխանից րոպեներ անց, գործակալություն վերադառնալիս երթուղայինի վարորդն ասաց, որ ոչ թե օրեկան 6-7 հազար դրամ են աշխատում, այլ օր է լինում, որ նույնիսկ 100 դրամ տուն չեն տանում. «Պատահում է, որ մի օր չենք կարողանում պլանը փակել, հաջորդ օրվա աշխատանքով հազիվ գծատիրոջը կուտակված պարտքն ենք տալիս»:
Ինչ-որ բան ինձ հուշում է, որ անորոշ ժամանակ անց /անորոշը ժամանակի մասին հենց պատասխանատուի ձևակերպումն է/, երբ նույնիսկ նոր երթուղային ցանց ունենանք, տուն ենք հասնելու ճիշտ այնպես, ինչպես այսօր, մի ժամից: