5 հոկտեմբերի 2012 - 11:48 AMT
Վան-Երևան ուղիղ չվերթի գործարկման ծրագիրը սառեցված է

Վան-Երևան ուղիղ չվերթի գործարկման ծրագիրը սառեցված է և դա զուտ քաղաքական որոշում է, հոկտեմբերի 5-ին Երևանում ընթացող հայ-թուրքական գործարար համաժողովի ժամանակ հայտարարել է Վանի երիտասարդ գործարարների կազմակերպության նախագահ Կադրի Սալազը:

Իր հերթին Վանի զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչ Սաիդ Բինեթը դժգոհություն հայտնեց առ այն, որ գործարարները 5 ժամ են վատնել Ստամբուլից Երևան հասնելու համար, այն դեպքում, երբ Վան-Երևան ուղիղ չվերթի առկայության դեպքում դրա համար ընդամենը 1 ժամ կպահանջվեր: «Այդ հարցը ևս քննարկվելու է գործարար համաժողովում»,-հավելել է նա: Գործարարը հուսով է, որ գործարար համաժողովի մասնակիցներին կհաջողվի փոխզիջումային լուծումներ գտնել ճանապարհի տևողության կրճատման համար:

Համաժողովի կազմակերպիչն է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միությունը USAID-ի «Աջակցություն հայ-թուրքական մերձեցմանը» ծրագրի շրջանակներում: Համատեղ համաժողովների կազմակերպման գործընկեր է հանդես գալիս նաև Բիզնեսի զարգացման հայ-թուրքական խորհուրդը (TABDC):

ՀԱԳՄ-ն հրավիրել է շուրջ 50 ձեռներեցների Արևմտյան Թուրքիայի շրջաններից, որոնք ներկայացնում են այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են թեթև արդյունաբերությունը, նավթային արդյունաբերությունը, շինարարությունը, ռեստորանային բիզնեսը, առողջապահությունը, ոսկերչությունը: Համաժողովի մասնակիցները կքննարկեն երկկողմ հարաբերությունների վիճակը, ինչպես նաև հեռանկարները, կամփոփեն հաջողված գործարար համագործակցությունը: