5 հոկտեմբերի 2012 - 11:53 AMT
Քաշաթաղում զինծառայողներ են դանակահարվել. նրանցից մեկը մահացել է

ԼՂՀ Քաշաթաղի տարածաշրջանի Իշխանաձոր գյուղում երեկ ժամը 16:00-ի սահմաններում ճանապարհը չզիջելու պատճառով վեճ է ծագել, որի հետևանքով «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, ՀՀ Արարատի մարզի Խոր Վիրապ գյուղի բնակիչ Հարություն Հովակիմյանը դանակահարել է 2 զինծառայողի: Հիվանդանոցի տեղափոխելու ճանապարհին մահացած Աշոտ Բաղդասարյանը տեխնիկական սպասարկման զորամասի կապիտան է, իսկ հիվանդանոց տեղափոխված Էդգար Պողոսյանը` լեյտենանտ: Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը PanARMENIAN.Net -ի թղթակցի հետ զրույցում hաստատեց այս տեղեկությունը:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ Հ. Հովակիմյանը դեպքի վայրից իր մեքենայով դիմել է փախուստի: Ոստիկանության Քաշաթաղի և Գորիսի բաժինների ծառայողների համատեղ գործողությունների շնորհիվ Հովակիմյանի ավտոմեքենան կանգնեցվել է Գորիսի տարածքում, և նա բերման է ենթարկվել ոստիկանության Գորիսի բաժին: Հանգամանքները պարզվում են: