5 հոկտեմբերի 2012 - 17:47 AMT
Ուելի Լոենբերգեր. Հունգարիայի կատարածն անընդունելի է, իսկ Ադրբեջանինը՝ զազրելի

Շվեյցարիայի Դաշնային ժողովի Շվեյցարիա-Հայաստան բարեկամական խմբի համանախագահ Ուելի Լոենբերգերն իր կարծիքն է ներկայացրել Ռամիլ Սաֆարովի գործի մասին: «Հունգարիայի իշխանությունների որոշումն անընդունելի է, իսկ Ադրբեջանինը՝ զազրելի»,-հայտարարել է նա լրագրողներին Հայաստանի խորհրդարանում:

Ուելի Լոենբերգերը նշել է, որ ինքը և խմբի մյուս անդամները հանդես են եկել այս հարցի շուրջ, ուղերձ են հղել իրենց կառավարությանը, բողոքի նոտա Շվեյցարիայում Հունգարիայի դեսպանատանը, ինչպես նաև մասնակցել են Շվեյցարիայի հայ համայնքի կազմակերպած բողոքի ակցիային:

Ըստ պատգամավորի, ապագայում կանխելու համար նման դեպքերը, հարկավոր է, որ բոլոր կառավարությունները հստակ դիրքորոշում ունենան այդ հարցում: «Իսկ նման դիրքորոշում նրանք կորդեգրեն միայն խորհրդարանների ու ժողովրդների ճնշման տակ»,-ասել է նա:

«Հակառակ դեպքում դա կարող է դրդել Ադրբեջանի պես երկրներին էլ ավելի հեռուն գնացող հանցագործությունների՝ հիմնվելով համաշխարհային հանրության թողտվության վրա, և ուժեղ զգալով իրեն նավթի ու գազի հաշվին», հավելել է նա: