5 հոկտեմբերի 2012 - 18:23 AMT
Էդվարդ Նալբանդյանն ողջունել է շվեյցարացի պատգամավորների այցն Արցախ

Հոկտեմբերի 5-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Շվեյցարիայի խորհրդարանի «Շվեյցարիա-Հայաստան» բարեկամության խորհրդարանական խմբի պատվիրակությանը` համանախագահներ Ուելի Լոյենբերգերի և Դոմինիկ դը Բյումանի գլխավորությամբ:

Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը գոհունակություն հայտնեց Հայաստանի և Շվեյցարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր քսան տարիների ընթացքում թե´ փոխադարձ այցերի և թե´միջազգային տարբեր հարթակներում հաճախակի շփումների միջոցով, բնականոն հաճախականությամբ զարգացող բարձր մակարդակի քաղաքական երկխոսության առնչությամբ:

Նախարար Նալբանդյանն ողջունեց շվեյցարացի պատգամավորների այցն Արցախ՝ նշելով, որ նման այցելությունները հնարավորություն են առաջին ձեռքից ծանոթանալու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին և տեղում առկա իրավիճակին: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար շվեյցարացի խորհրդարանականներն վստահեցրեցին, որ շարունակելու են իրենց գործունեությունը ուղղված հայ-շվեյցարական փոխգործակցության առավել ամրապնդմանն ու խորացմանը:

Նախարար Նալբանդյանը առանձնահատուկ կարևորեց խորհրդարանական դիվանագիտության դերը, և մասնավորապես բարեկամական խմբերի կողմից իրականացվող աշխատանքները որպես երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման կարևոր բաղադրիչ:

Կողմերն անդրադարձան նաև միջազգային և տարածաշրջանային մի շարք հարցերի: