31 մարտի 2005 - 10:21 AMT
«ՀԱԶԱՐԱՄՅԱԿՆԵՐԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ» ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԿՏՐԱՄԱԴՐԻ 175 ՄԼՆ ԴՈԼԱՐ
Հայաստանը պատրասել է առաջարկությունների փաթեթ, որը կներկայացվի «Հազարամյակների մարտահրավերներ» հիմնադրամին, տեղեկացրել է «Ռեգնում» ռուսաստանյան լրատվական գործակալությունը: «Հազարամյակների մարտահրավերներ» հիմնադրամի հայկական ծրագրի հոգաբարձուների խորհրդի մարտի 25-ին կայացած նիստի ընթացքում քննարկվել է ծրագիր-առաջարկություն` մշակված միջազգային եւ տեղական փորձագետների կողմից` հիմնադրամի շրջանակներում ֆինանսավորման նպատակով: Այդ ծրագրի համաձայն` Հայաստանի կառավարությունը ենթադրում է հիմնադրամից ստանալ 175 մլն դոլարի չափով ֆինանսական աջակցություն, որը կուղղվի ոռոգման եւ միջմարզային ճանապարհների վերականգնման ոլորտում ռազմավարական ներդրումների իրականացմանը: Ծրագիրը, մասնավորապես, ուղղորդված է Հայաստանի տարածաշրջանների տնտեսական ակտիվության խթանմանը եւ արագ աճին: Հայաստանի վարչապետի կողմից գլխավորվող խորհուրդը հավանության է արժանացրել հայկական ծրագիրը, որը մարտի 29-ին ներկայացվել է հիմնադրամին: Համաձայնագրի վերջնական ձեւակերպումը պատրաստ կլինի Հայասատանի եւ «Հազարամյակների մարտահրավերներ» հիմնադրամի միջեւ բանակցությունների արդյունքում: