6 հոկտեմբերի 2012 - 16:11 AMT
Խաչիկ գյուղում բնակարանաշինության ծրագիր է սկսվել

Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղում սկսվել է բնակարանաշինության ծրագիր: ՀՀ պետական բյուջեից տրամադրվել է 30 մլն դրամ պետական ֆինանսական աջակցություն 7 ընտանիքի բնակարան կառուցելու համար: Համայնքի ավագանու որոշմամբ, առաջանահերթությունը տրվել է սոցիալապես անապահով և բազմազավակ ընտանիքներին: Այսօր սկսվել է Աբրահամյանների բազմանդամ ընտանիքի համար կառուցվող տան շինարարությունը: Այսօր նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց այդ շինհրապարակը. «Աբրահամյաններն ունեն չորրորդ կարգի վնասված տուն և մեկ տարվա ընթացքում կկառուցվի նրանց տունը», - լրագրողների հետ զրույցում ասաց համայնքի ղեկավար Վարդան Ներսիսյանը:

Նրա խոսքով, գյուղում առաջնահերթ խնդիրներն են բնակարանաշինությունը և ոռոգման հարցը, որին, ըստ նրա, ընթացք է տրվել: Ներսիսյանը նշեց, որ բնակիչների մի մասը գնացել է արտագնա աշխատանքի, սակայն պետության ուշադրության շնորհիվ այս երկու տարիների ընթացքում արտագաղթը նկատելի նվազել է:

Խաչիկ գյուղը գտնում է Վայոց Ձորի մարզում` հայ-ադրբեջանական (Նախիջևան) սահմանին, այն երեք կողմից սահմանակից է Ադրբեջանին: Արցախյան պատերազմի տարիներին գյուղը բազմիցս ռմբակոծվել է: Գյուղը ունի շուրջ 700 բնակիչ: