Ուսուցչի և կրթական ոլորտի աշխատողների մասնագիտական տոնի առթիվ հոկտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր և պաշտպանական գերատեսչության անձնակազմի անունից ողջունելով և շնորհավորելով ուսուցիչներին մասնագիտական տոնի կապակցությամբ` ընդգծել է օրվա խորհուրդը և բարձր գնահատել ուսուցչի դերը սերնդի դաստիարակման, հայրենիքի պաշտպանի գիտակցումը սերմանելու գործում:
Սեյրան Օհանյանը հավելել է, որ բանակն իրականացնում է լայնածավալ ուսումնական գործընթաց, որը սկսվում է ռազմական թեմաներով դասըթացներից և ավարտվում զորավարժություններով: Դիմելով ուսուցիչներին` պաշտպանական գերատեսչության ղեկավարն ասել է.
«Առանց ձեր աշխատանքի մենք չենք ունենա պատասխանատու և կրթված զինվորներ: Բանակի ապագան առանց գիտելիքի անհնարին է»:
Միջոցառմանը ներկա ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն իր հերթին ասել է, որ համատեղ աշխատանքների շնորհիվ զինվորական ծառայությունը և կրթությունը իրար փոխլրացնող, զուգորդող և երբեք միմյանց չհակասող իրողություններ են: Միջոցառումը եզրափակվել է պարգևատրման արարողությամբ: