8 հոկտեմբերի 2012 - 13:00 AMT
Արտակ Զաքարյան. Պուտինի Թուրքիա կատարելիք այցի հիմնական թեման տնտեսական կլինի

ՀՀ ԱԺ միջազգային հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը վտանգավոր ոչինչ չի տեսնում Հայաստանի համար ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հոկտեմբերի 15-ին Թուրքիա կատարելիք այցում՝ համարելով, որ այն հիմնականում կապված է լինելու երկու երկրների միջև տնտեսական փոխգործակցության հարցերի հետ:

«Քաղաքական գործոն կա, սակայն գերակշռում է տնտեսական շահը»,-հայտարարել է նա մամլո ասուլիսում:

Զաքարյանը նաև մեկնաբանել է լուրերն այն մասին, թե Թուրքիայից հետո Պուտինը կարող է Ադրբեջան այցելել, այն դեպքում, երբ ըստ որոշ հայկական ԶԼՄ-ների, նա պետք է սեպտեմբերին այցելեր Հայաստանում կայացած ՀԱՊԿ ԱԱՀՈւ զորավարժությունները, որի մեկնարկը հատուկ նրա համար հետաձգվեց, սակայն, նա այդպես էլ չայցելեց Հայաստան:

Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչպես կարելի է մեկնաբանել այն, որ Պուտինը չայցելեց Հայաստան և կարող է Բաքու այցելել՝ Արտակ Զաքարյանը նշեց, որ ոչ մի պաշտոնական տեղեկատվություն այն մասին, որ Պուտինը պետք է Հայաստան գար, բայց չեկավ, չի եղել: