8 հոկտեմբերի 2012 - 15:29 AMT
Հայաստանը պետք է համագործակցի Հունգարիայի հետ Ադրբեջանի դեմ, կարծում է նախկին դեսպան Նավասարդյանը

Նախկին դեսպան Արման Նավասարդյանը սխալ է համարում հայ հասարակության արձագանքը Ռամիլ Սաֆարովի արտահանձնման նկատմամբ, որը Հունգարիայի գործող կառավարության մեղքը բարդում է հունգարական պետության և ժողովրդի վրա: «Ես համարում եմ, որ դա սխալ է և չի օգնի գործին»,- Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է նա:

«Կառավարությունը գալիս և գնում է, իսկ ժողովուրդը մնում է»,- հավելել է Նավասարդյանը` հիշեցնելով հայ և հունգար ժողովուրդների միջև բազմադարյա հարաբերությունների մասին:

Նա նաև նշել է, որ «դեռ հարց է, թե ով ում է խաբել` Հունգարիան Հայաստանին, թե Ադրբեջանը` Հունգարիային»: «Այդ իրավիճակում ես կարծում եմ ավելի ճիշտ կլիներ ոչ ստանդարտ մոտեցում ցուցաբերել և գնալ Հունգարիայի հետ մերձեցման տարբեր միջոցներով և ձևերով և միասին հանդես գալ Ադրբեջանի դեմ: Կարծում եմ, որ դա ավելի ճիշտ կլինի»,- հավելել է Նավասարդյանը: