8 հոկտեմբերի 2012 - 17:47 AMT
Ռուսաստանցի նկարիչը գրություններ է թողել Մարկ Ռոտկոյի կտավի վրա

Ռուսաստանցի նկարիչ Վլադիմիր Ումանցևը գրություններ է թողել Մարկ Ռոտկոյի «Սևը մուգ կարմիրի վրա» (Black on Maroon, 1958 թ.) նկարի վրա Tate Modern պատկերասրահում: Այդ մասին գրում է The Guardian-ը:

Ումանեցը վնասել է ամերիկացի աբստրակցիոնիստ Մարկ Ռոտկոյի նկարը հոկտեմբերի 7-ին՝ գրելով նկարի վրա. «Վլադիմիր Ումանեց, 12: Յելոուիզմի պոտենցիալ ստեղծագործություն» ("Vladimir Umanets, A Potential Piece of Yellowism"). Yellowism (կամ դեղնություն) շարժումը երկու մարդ է կազմակերպել, որից մեկը հենց Ումանեցն է, երկրորդը Մարտին Լոդիգան է:

The Guardian-ին տված հարցազրույցում վանդալը հայտարարել է, որ հասկանում է, որ իրեն կձերբակալեն, սակայն, չի կարծում, թե ապօրինի ինչ-որ բան է արել՝ ասելով, թե ոչինչ չի ոչնչացրել, ոչինչ չի գողացել և որ Դյուշանն ու Հերսթը նույնպես ստորագրել են իրենց չպատկանող ստեղծագործություններ: Նկարիչը խոստովանել է, որ այդպիսով մտադիր էր ուշադրություն գրավել «Դեղնություն» շարժման վրա: Նկարիչը վստահություն է հայտնել, որ նկարի արժեքն իր մակագրությամբ մի քանի տարի անց շատ ավելին կարժենա, քան առանց դրա, և որ այն պետք չէ վերականգնել: