8 հոկտեմբերի 2012 - 18:41 AMT
Կաթողիկոսն ընդունեց «Համաշխարհային ժառանգության քաղաքներ» կազմակերպության անդամներին

Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Համաշխարհային ժառանգության քաղաքներ» կազմակերպության տնօրենների խորհրդի անդամներին` ուղեկցությամբ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի:

Ինչպես հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լրատվական ծառայությունը, հանդիպմանը կազմակերպության նախագահ, Բիմսթերի (Նիդերլանդներ) քաղաքապետ Հարրի Բրինքմանը Նորին Սրբության ներկայացրեց կազմակերպության կողմից կատարվող աշխատանքները, ինչպես նաև ուրախություն հայտնեց Էջմիածին քաղաքի տոնի օրը Հայաստանում գտնվելու առիթով:

Խոսելով Հայաստանի պատմամշակութային արժեքների մասին` Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ հայ ժողովուրդը բոլոր ժամանակներում յուրահատուկ վերաբերմունք է դրսևորել իր արժեքների նկատմամբ և, հակառակ դարերի ընթացքում կրած կորուստների և ավերածությունների, ջանք չի խնայել վերականգնելու և նորոգելու իր սրբավայրերն ու պատմական հուշարձանները: Անդրադառնալով հարուստ պատմական ժառանգության պահպանման ուղղությամբ Հայոց Եկեղեցու կողմից ձեռնարկվող միջոցառումներին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշեց, որ Եկեղեցին իր սուղ միջոցներով անում է հնարավորը` հայրերից ստացած ժառանգությունն անխաթար ու ամուր պահելու և այն նոր սերունդներին փոխանցելու համար:

Իր խոսքում Վեհափառ Հայրապետը, ուրախություն հայտնելով Էջմիածին քաղաքի և կազմակերպության միջև ձևավորված համագործակցության առիթով, վերստին իր գնահատանքը հայտնեց ներկաներին` համամարդկային արժեքների նկատմամբ ցուցաբերվող և հոգատարության համար: