9 հոկտեմբերի 2012 - 13:27 AMT
Հունգարացի մտավորականները եկել են Երևան, որ ներողություն խնդրեն Սաֆարովի արտահանձման համար

4 հունգարացի մտավորականներ՝ պատմաբան, քաղաքական վերլուծաբան Զոլտան Բիրոն, Ջոն Ուելսի անվան աստվածաբանական քոլեջի ռեկտոր Գաբոր Իվանյին, լրագրող, հրատարակիչ Գաբոր Դեակը և գրող Ռուդոլֆ Ունգվարին եկել են Հայաստան՝ ներողություն խնդրելու: Այսօր ասուլիսի ժամանակ նրանք հայտարարեցին.

«Մենք չորսս կազմակերպել ենք այս ուղևորությունը, որպեսզի հայտնենք մեր և հունգար ժողովրդի մեծամասնության անհամաձայնությունը և դժգոհությունը մեր իշխանությունների՝ քնած զինվորականին սպանողին արտահանձնելու որոշումանը :

Հունգար ժողովուրդի մեծամասնությունը միանշանակ բացասաբար ընդունեց այդ իրողությունը, բայց Հունգարիայում շատ խնդիրներ կան, և ամեն մեկը չէ, որ ակտիվ ու բարձրաձայն կարտահայտի իր դիրքորոշումը», - ասաց լրագրող, հրատարակիչ Գաբոր Դեակը:

«Եկել ենք մեր ցավն ու ամոթն արտահայտելու», - ասաց աստվածաբանական քոլեջի ռեկտոր Գաբոր Իվանյին, - «Պաշտոնապես Հունգարիան նույնիսկ 1915թ. Ցեղասպանությունը չի ճանաչել : Այն տարիներին մեզ պետք էր Թուրքիայի աջակցությունը :

Թուրքերի հետ սերտ շփումների արդյունքում էլ, երևի, հունգար որոշ պաշտոնյաներ նրանցից որոշ բաներ են սովորել : Իսկ արտահանձնումը թույլ տված վարչապետն ընդհանրապես հրաժարական պետք է տար» :

Երկու տարուց Հունգարիայում ընտրություններ են: Մտավորականները վստահեցրին, որ վարչապետի այս քայլը նրա ու նրա քաղաքական թիմի դեմ են օգտագործելու :

Անդրադառնալով Հայաստանի և հայերի կոշտ արձագանքին՝ դիվանագիտական հարաբերությունները դադարեցնելուն, կազմակերպված բողոքի ցույցերին և դրանց ժամանակ որոշ անհարգալից դրսևումների՝ մտավորականները ասացին, որ իրենք գիտակցում են, որ այդ քայլերն ուղղված են իշխանությունների դեմ :

Մտավորականներն այցելելու են Ծիծեռնակաբեդ և Գուրգեն Մարգարյանի ընտանիքին:

Հ.Գ. Ասուլիսի ժամանակ էլ բողոքի փոքրիկ «ցույց» եղավ : Տարեց մի մարդ, մի քանի րոպեով ընդհատեց ասուլիսը, բավական կոպիտ արտահայտվեց Հունգարիայի և Ադրբեջանի կառավարությունների հասցեին ու հեռացավ: Հունգարացիները լուռ լսեցին և ասացին, որ հասկանում են, որ այդ ցասումն ուղղված է ոչ թե հունգար ժողովրդի, այլ իշխանությունների դեմ :