
Այս օրերին խոսվում է, այն մասին, որ Եվրամիությունը Վրաստանը հռչակել է «Գինու բնօրրան»՝ խեղաթյուրելով պատմական փաստերն ու ապացույցները: Այժմ միայն Վրասատանն իրավունք ունի «Գինու բնօրրան» անունով խմիչք վաճառել ԵՄ ողջ տարածքում:
Այս օրերին կխոսվի այս մասին, նշելով մեր հարևանների «դաղալության» մասին: Կխոսվի նաև, թե ինչ քայլեր են ձեռնարկվելու արդարությանը հասնելու համար, նշելով, որ աշխարհի ամենահին գինու հնձաները հայտնաբերվել են հենց Հայաստանում:
Բավական է բողոքել և վրդովմունք հայտնել: Ինչպես ասում է ռուսական ասացվածքը, «Կռվից հետո բռունցքներով չեն թափահարում»: Ամեն անգամ մենք արձանագրում ենք փաստը, փոխանակ մինչ այդ քայլեր ձենարկենք, որ փաստի առաջ չկանգնենք:
Հայ իրականության մեջ կարծիք է ձևավորվել, որ քաղաքակիրթ աշխարհը գիտի մեր մշակութային ժառանգության մասին, մոռանալով, որ ինքներս մանրամասն ծանոթ չենք ուրիշների մշակույթին: Այս պարագայում հաղթում է նա, ով ավելի ճկուն է գտնվում, ով ավելի արագ է անում ամեն ինչ: Փաստացի, մեր հարևաններն ավելի ճարպիկ են, և կարողանում են սեփականաշնորհել դարերի ընթացքում մեր նախնիների ստեղծած արժեքները:
Մեր փորձը ցույց է տվել, որ հետագա քայլերն ու բողոքարկումներն արդյունք չեն տալիս, և «արդարությունը չի վերականգնվում»: Դրա համար պետք է ավելի շուտ ներկայացնել մեր մշակութային արժեքները, քան դա կհասցնեն անել մեր հարևանները: Դա կլինի ավելի խելացի: Ինչո՞վ են զբաղված մեր բազմաթիվ կառույցները, որի ներկայացուցիչները մեկնում են արտերկիր: Միայն ընդունելություններին մասնակցելով, մեդալներ բաժանելով և օտարերկրացի գործընկերների հետ լուսանկարվելով:
Հարիսան պաշտոնապես թուրքացվեց, գինին վրացականացվեց: Ո՞րն է լինելու հաջորդը:
Հուսանք, որ գոնե այս քայլը կսթափեցնի մեր վերին օղակներում գտնվող մարդկանց, որպեսզի այն չկրկնվի: Խոսենք արդարացի: Մենք 100 տոկոսով վստահ չենք, թե ո՞րն է այս կամ այն իրի, ուտեստի հայրենիքը: Մենք ընկալում ենք այն, ինչ ներկայացվում է աշխարհին: Նույն մեր հյուսիսային հարևանները պանրով բլիթը դարձրեցին ազգային ուտեստ, չնայած աշխարհի շատ երկրներում է այն պատրաստվում: