Հոկտեմբերի 6-ին Վիեննայում ՀՀ դեսպանությունում կայացավ հանդիպում Ավստրիայում ուսանող հայ երիտասարդների հետ: Հանդիպմանը մասնակցեցին Վիեննայի և Գրացի տարբեր համալսարաններում բժշկություն, պատմություն, երաժշտություն, դիվանագիտություն, տնտեսագիտություն, փիլիսոփայություն ուսանող և վերապատրաստվող, Ավստրիայում բնակվող, ինչպես նաև Հայաստանից, Ռուսաստանից, Հնդկաստանից և Սլովակիայից ժամանած հայ երիտասարդներ:
Միջոցառումը, որը նախաձեռնել և կազմակերպել էր Վիեննայում ՀՀ դեսպանությունը` Ավստրիայի Հայ Ուսանողական և Երիտասարդական Միության աջակցությամբ, միտված էր դեսպանության և հայ երիտասարդության միջև մշտական կապերի և համագործակցության հաստատմանը:
Հանդիպման ընթացքում Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը ներկայացրեց Վիեննայում գործող ՀՀ դեսպանության ծրագրերն ու խնդիրները, երկկողմ և բազմակողմ գործունեությունը, Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայությունները, Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ վերջին զարգացումները, Հայաստան-Սփյուռք և դեսպանություն-ավստրահայ համայնք հարաբերությունների կարևորությունն ու նշանակությունը:
Միջոցառման վերջում պայմանավորվածություն ձեռք բերվեց մշտական հիմքի վրա դնել նմանատիպ հանդիպումների ձևաչափը, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը: