10 հոկտեմբերի 2012 - 14:57 AMT
Դ. Ջամալյանը չի հավատում, որ Բաքուն կիրականացնի իր սպառնալիքները ԼՂՀ օդանավակայանի վերաբերյալ

Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը չի հավատում, որ Թուրքիան և Ադրբեջանը կիրականացնեն իրենց սպառնալիքները Ստեփանակերտի օդանավակայանի բացման դեպքում: Նրա կարծիքով, Թուրքիան և Ադրբեջանը հազիվ թե խոսքից անցնեն գործի, և նրանց սպառնալիքները պետք է դիտարկել Հայաստանի վրա հոգեբանական ճնշում գործադրելու հարթությունում:

«Չեմ կարծում, որ Թուրքիան կփակի իր օդային տարածքը (Հայաստանից ինքնաիթռների համար), քանի որ Հայաստանն ունի իր լծակները, և մեր տարածքը նույնպես տարանցիկ է: Դա տարբեր միջազգային կազմակերպությունների և երկրների շահերին սպառնացող քայլ է»,- Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է նա:

Ինչ վերաբերվում է ԼՂՀ թռչող ինքնաթիռները ոչնչացնելու մասին Ադրբեջանի սպառնալիքներին, ապա Ջամալյանը հայտարարել է. «Եթե Ադրբեջանը համոզված լինի, որ կխփի այդ ինքնաթիռը և անպատիժ կմնա, նա դա կանի: Բայց քանի որ մենք համարժեք պատասխան հասցնելու տարբեր հնարավորություններ ունենք, ապա չեմ կարծում, որ նրանք կգնան նման քայլի»:

Նա հավելել է, որ պարտադիր չէ, որ Հայաստաի պատասխանը լինեն Ադրբեջանի քաղավիացիայի դեմ գործողությունները, սակայն դրանք կլինեն ցավոտ և համաչափ Ադրբեջանի գործողություններին:

Միաժամանակ, փորձագետը նշել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի արձագանքը Ստեփանակերտում օդանավակայանի հնարավոր բացման վերաբերյալ կանխատեսելի էր: «Թուրք-ադրբեջանական տանդեմը ռազմավարական բնույթ է կրում, և դա հերթական ապացույցն է»:

Ջամալյանը նաև կոչ է արել Հայաստաի հայտնի անձանց հետևել Սերժ Սարգսյանի օրինակին: