10 հոկտեմբերի 2012 - 16:55 AMT
Երևանի ասֆալտապատման համար հատկացվել է 4,5 մլրդ դրամ

Կառավարության որոշմամբ ասֆալտբետոնե ծածկի հիմնանորոգմանն օժանդակելու նպատակով Երևանի քաղաքապետարանին տրամադրելու համար ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը հատկացվել է 4.5 մլրդ դրամ, որով ակնկալվում է Երևան քաղաքում ունենալ շուրջ 644 հազար քառ.մետր նոր, բարձրորակ ասֆալտբետոնե շերտ երթևեկելի հատվածներում, շուրջ 37 հազար 500 քառ.մետր ասֆալտբետոնե շերտ մայթերի հատվածում, ինչպես նաև շուրջ 15 հազար գծամետր նոր եզրաքարերի տեղադրում։

«Բոլորդ նկատել եք, որ Երևանում ճանապարհների վերանորոգման մեծածավալ աշխատանքներ են կատարվում Հանրապետության նախագահի անմիջական հանձնարարության և հսկողության ներքո։ Տեսնում ենք, որ դրա շնորհիվ քաղաքը որակապես փոխվում է, և մենք մեր քաղաքացիների կողմից ստանում ենք դրական գնահատականներ», - դիմելով նիստի մասնակիցներին` ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։