5 ապրիլի 2005 - 13:44 AMT
ԿՈՂՄԵՐԸ ՄՈՏ ԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ, ԳՏՆՈՒՄ Է ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀԸ
ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանի կողմից համանախագահ Յուրի Մերզլյակովը դրական գնահատական է տվել ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ բանակցային գործընթացի ներկա փուլին եւ նշել է, որ կողմերը մոտ են հակամարտության կարգավորմանը: Այդ տեսակետից նա կարեւորել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպումը: Հասել է պահը, երբ երկու պետությունների ղեկավարները հետագա գործողությունների վերաբերյալ պետք է հստակ ցուցումներ տան իրենց նախարարներին եւ միջնորդներին, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Յու.Մերզլյակովը: Նրա խոսքերով` ԵԱՀԿ Մինսկի խումբն ունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման փաթեթը, որը կարող է առաջարկվի Ռոբերտ Քոչարյանին եւ Իլհամ Ալիեւին: Այժմ ամեն ինչ կախված է երկու երկրների նախագահների որոշումներից, նշել է ռուս դիվանագետը: Միեւնույն ժամանակ նա ավելացրել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունները պետք է որոշակի փոխզիջումների գնան, սակայն երկու երկրների հասարակայնությունն առայժմ պատրաստ չի փոխզիջումների, եւ այդ ուղղությամբ դեռեւս շատ բան կա անելու:Այսօր արդեն պարզ է, որ ղարաբաղյան հակամարտությունը կարող է միայն քաղաքական ճանապարհով կարգավորվել, ընդգծել է Յու.Մերզլյակովը: