11 հոկտեմբերի 2012 - 13:52 AMT
Աշոտ Մանուչարյան. Հայաստանը դրսից կառավարում են, ո՞նց անենք, որ մեր գործերին մի քիչ էլ մենք խառնվենք

«Հայաստանը գտնվում է արտաքին կառավարման ներքո: Ո՞նց անենք, որ մեր գործերին մի քիչ էլ մենք խառնվենք: Գանդին անգլիական օկուպացիայի պայմաններում գտավ լուծումը: Բայց մեր խնդիրն ավելի բարդ է՝ մարդկանց միտքն է օկուպացվում», - այսօր ասուլիսի ժամանակ ասաց քաղաքական գործիչ Աշոտ Մանուչարյանը:

Նա մասնավորապես նկատի ուներ ԱՄՆ դեսպանի՝ օգոստոսի 30-ին հայկական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցը, որում դեսպանն ասել է, թե Միացյալ Նահանգներն ամեն ինչ անելու է Հայաստանում գիտելիքահեն տնտեսություն ստեղծելու համար:

Աշոտ Մանուչարյանը պահանջում է, որ դեսպանը հետամուտ լինի իր խոսքին և քայլեր ձեռնարկի կառավարության՝ 10 օր առաջ ընդունած որոշման դեմ, համաձայն որի փակվելու է Ապարանի ֆիզմաթ դպրոցը:

«Հնարավոր չէ, որ ԱՄՆ դեսպանն ինչ- որ բան ուզի և այդպես չլինի: Այս դեպքում կամ նա թերացել է, կամ էլ նրա հայտարարությունը պոպուլիստական էր՝ ընտրություններին ընդառաջ», - ասաց Աշոտ Մանուչարյանը:

Տասը տարվա ուսուցչության փորձ ունեցող քաղաքական գործիչն ասաց, որ հայ երեխաների ֆիզմաթ ունակությունները շատ բարձր են: Միջին դասարաններում 80 տոկոսից ավելին կարող է դառնալ միջին կարգի ծրագրավորող, ստանալ 4-5 հազար դոլլար աշխատավարձ:

«Պատկերացնո՞ւմ եք այսպիսի տնտեսությունը», - ասաց նա ու ավելացրեց, որ եթե ԱՄՆ դեսպանը չի պատրաստվում հետևել իր խոսքին, մենք պիտի սկսենք աշխատել Գերմանիայի և Չինաստանի կառավարությունների հետ:

Աշոտ Մանուչարյանն անդրադարձավ նաև «ինչո՞ւ է հետապնդվում Օսկանյանը» հարցին:

«Եթե Օսկանյանը հետապնդվում է, ուրեմն ԱՄՆ-ը դեմ չէ: Հայաստանի համար, որպես Եվրասիական միջանցքի, պայքար է գնում: Լծակը, որը կոչվում է ՀՀ նախագահ, Ռուսաստանի ձեռքին է, իսկ ԱՄՆ –ը այս քայլով փորձում է չեզոքացնել ռուսական ներկայությունը: Ռուսաստանի գործիքը ԲՀԿ-ն է, ԱՄՆ-ի թիրախ դարձավ ԲՀԿ-ի երկրորդ դեմքը, չքվեց առաջին դեմքը, և տեսանք թե ինչ կատարվեց »:

Իսկ Վարդան Օսկանյանի հետագա վիճակի մասին Աշոտ Մանուչարյանն ասաց. «Օսկանյանը կունենա նախագահի թեկնածուի, թե տառապյալի ֆունկցիա՝ հարցրեք ԱՄՆ-ի և ՌԴ դեսպաններին»:

Նրա խոսքով Հայաստանի անվտանգության երաշխիք կարող է լինել միայն միջուկային զենքը: