6 ապրիլի 2005 - 10:19 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԲԵՌԸ ԱՅՍՕՐ «ԿՈՎԿԱՍ» ՆԱՎԱՀԱՆԳՍՏԻՑ ՀԱՍԵԼ Է ՓՈԹԻ
Հայաստանի համար նախատեսված ցորենով 18 վագոններ այսօր հասել են Փոթի նավահանգիստ «Կովկաս»-Փոթի լաստանավային երթուղով, հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը: ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության մամլո քարտուղար Թամարա Գալեչյանի խոսքերով, ներկայումս 1,4 տոննա ցորենը, որը Հայաստան է ներկրում «Վիկտորիա Թրեյդ» ընկերությունը, բեռնաթափվում է Փոթի նավահանգստում եւ մեկ-երկու օրվա ընթացքում այն կհասնի Հայաստան: Թ.Գալեչյանը ավելացրել է, որ դա դեռեւս փորձնական ուղերթ է, իսկ կանոնավոր բեռնափոխադրումների գրաֆիկը կհամաձայնեցվի ապագայում վրացական կողմի հետ բանակցությունների արդյունքում: Նշենք, որ դա արդեն նման երկրորդ ուղերթն է տվյալ երթուղով, առաջինը, նույնպես ցորենով, նախատեսվում էր Վրաստանի համար: Փոխադրումը իրականացվում է «Անենկով» լաստանավով, որի տարողությունը 26-28 վագոն է: Այն պատկանում է ռուսական նավատեր «Անշիպին», որն իր օպերատորը ունի Վրաստանում `«Անջորջիա»: Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ լաստանավային հաղորդակցություն սկսելու մասին պայմանագիրը ստորագրվել է 2005 թվականի հունվարի 10-ին: