6 ապրիլի 2005 - 12:38 AMT
ԹՈՒՐՔ ԳԻՏՆԱԿԱՆ. «ՄԵՆՔ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆՔ Ի ԼՈՒՐ ԱՄԵՆՔԻ. ԱՅՈ, ԵՂԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ»
Թուրք գիտնական, Միչիգանի ինստիտուտի պրոֆեսոր Գեյչեկը, ապրիլի 1-3-ը մասնակցելով Լոս անջելեսում տեղի ունեցած «Հայոց ցեղասպանության հետեւանքները. 90 տարի անց» թեմայով գիտաժողովին` իր ելույթում ներողություն է խնդրել հայ ժողովրդից, տեղեկացնում է «Երկիր» թերթը: Գեյչեկի խոսքերով` թուրքերն անտեղյակ են պատմությունից, նրանց չեն պատմում, թե ինչ է տեղի ունեցել իրականում: Ահա թե ինչու Թուրքիայում համոզված են, որ ցեղասպանություն չի եղել: Սակայն ոչ բոլոր թուրքերն են անտեղյակ, նշել է Գեյչեկը: «Մենք չենք վախենում հնարավոր ձերբակալությունից եւ հայտարարում ենք ի լուր ամենքի. այո, եղել է Հայոց ցեղասպանություն»,- ասել է գիտնականը: Չնայած, Թուրքիայի կառավարությունն այսօր չի ձեռնարկում հաշտեցման ոչ մի քայլ, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, թուրք պրոֆեսորի կարծիքով, կարող է լուծվել առաջիկա 5-10 տարիների ընթացքում: