11 հոկտեմբերի 2012 - 20:54 AMT
ՄԱԿ-ի գրասենյակի առաջիկա ծրագրերն ուղղված են Հայաստանում սիրիահայերի ձմեռնամուտն ապահովելուն

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հոկտեմբերի 11-ին ընդունել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Դամթյու Դեսալեյին: Քննարկման առարկան սիրիահայերին վերաբերող հիմնախնդիրներն էին և դրանց լուծման հնարավոր ուղիները, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը:

Սփյուռքի նախարարը պարոն Դեսալեյին ներկայացրեց մինչև օրս նախարարության նախաձեռնությամբ իրականացված սիրիահայերի կենսագործունեությունը Հայաստանում հեշտացնող օրենսդրական փոփոխությունները, այն զիջումներն ու արտոնությունները, որոնք սահմանում է ՀՀ կառավարությունը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ:

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Դամթյու Դեսալեյը տեղեկացրեց, որ իրենց գրասենյակը ևս ծրագրեր է իրականացնում Հայաստանում և ամբողջ աշխարհում ապաստանած սիրիացիներին օժանդակելու ուղղությամբ, և որ առաջիկա ծրագրերը ուղղված են լինելու Հայաստանում սիրիահայերի ձմեռնամուտն ապահովելուն:

Նախարարը տեղեկացրեց նաև, որ ստեղծվել է «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպությունը, որը հավաքում և վերլուծում է սիրիահայերի հիմնախնդիրները, ներկայացնում դրանք ՀՀ սփյուռքի նախարարություն:

Հանդիպման ավարտին սիրիահայերին վերաբերող ծրագրերի շրջանակներում համագործակցության պայմանավորվածություն ձեռք բերվեց: