11 հոկտեմբերի 2012 - 21:25 AMT
Ֆրանսիայից Նորվան արքեպիսկոպոս Սրբազանը ստացել է հայկական անձնագիր

2012 թվականի հոկտեմբերի 7-10-ը ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն աշխատանքային այցով եղավ Ֆրանսիայում, հաղորդում է նախարարության մամուլի ծառայությունը:

Հոկտեմբերի 7-ին ՀՀ սփյուռքի նախարարը, Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանի ուղեկցությամբ այցելեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Մշակութային Կենտրոն, որտեղ մասնակցեց «Հայկական առևտրային ցանցի» երկրորդ Գլխավոր Ասամբլեային: Նախարար Հակոբյանը հանդիսավոր խոսքով դիմեց Ասամբլեայի մասնակիցներին, ներկաների ուշադրությունը հրավիրեց Հայաստանի Հանրապետությունում և Արցախում լուրջ ներդրումների ակտիվացմանը:

Այցի շրջանակներում ՀԲԸՄ Մշակութային կենտրոնում նախարարը հանդիպում է ունեցել երիտասարդ մասնագետների հետ, պատասխանել հանդիպման մասնակիցներին հուզող բազմաթիվ հարցերին: Նախարարը կոչ է արել երիտասարդներին` մասնակցել ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերին: Այնուհետև նախարար Հ. Հակոբյանը դեսպան Վ. Չիտեչյանի ուղեկցությամբ եղել է Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, հանդիպում ունեցել թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Սրբազանի հետ, նրան հանձնել Հայաստանի Հանրապետության անձնագիր:

Այնուհետև նախարարը մասնակցել է Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման 108-ամյակի առթիվ կազմակերպված ձեռնարկին և հանդես եկել ծավալուն ելույթով:

Հոկտեմբերի 8-ին նախարար Հակոբյանը դեսպան Վիգեն Չիտեչյանի ուղեկցությամբ մեկնել է Ալֆորվիլ քաղաք, հանդիպել է քաղաքապետ, սենատոր, Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի փոխնախագահ Լյուկ Կարավունասի հետ: Ալֆորվիլի քաղաքապետ Լյուկ Կարավունասի կողմից ի պատիվ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի տրվել է ճաշ, որի ընթացքում քննարկվել են հայ-ֆրանսիական հարաբերությունները, Հունգարիայի կողմից Սաֆարովի արտահանձնման փաստը, հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հարցեր:

Նախարարն այցելել է նաև Ալֆորվիլի Սուրբ Մեսրոպ երկլեզու կրթարան, հանդիպել աշակերտների և ուսուցիչների հետ: Դպրոցի ղեկավար մարմնի անդամների հետ հանդիպման ընթացքում քննարկվել են` մայրենի լեզվի ուսուցմանը և ուսուցիչների վերապատրաստմանն առնչվող հարցեր:

ՀՀ սփյուռքի նախարարը եղել է նաև Ալֆորվիլի հայ առաքելական Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցում:

Այնուհետև նախարար Հակոբյանը հյուրընկալվել է «Այբ» ռադիոկայանում, հարցազրույց է տվել «Հայաստանն այսօր» ծրագրում:

Ապա նախարարը մեկնել է Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն, դեսպանության աշխատակիցների հետ քննարկում է ունեցել, որտեղ առանցքային են եղել ՀՀ սփյուռքի նախարարության իրականացրած ծրագրերը, համագործակցության հնարավորությունները:

ՀՀ սփյուռքի նախարարը հանդիպում է ունեցել Դեսպանության միության վարչական խորհրդի հետ, որտեղ ներկայացրել է նախարարության ծրագրերը, պատասխանել է ներկաների հարցերին: Դեսպանատանը կայացել է նաև նախարարի հանդիպումը Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի ղեկավարության հետ, որի ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր:

Ֆրանսիայի Սենատում Հայաստանի հետ Բարեկամական խմբերի նախագահների հետ հանդիպման ընթացքում քննարկվել են բազմաթիվ հարցեր՝ կապված Եվրախորհրդի հետ աշխատանքները համակարգելուն, հայ համայնքների հետ աշխատանքին, մտքեր են փոխանակվել սիրիահայերին առնչվող խնդիրների վերաբերյալ:

Նախարար Հ. Հակոբյանը հանդիպում է ունեցել Ֆրանսահայ Կապույտ Խաչուհիների և Համազգայինի հետ, հանդես եկել ելույթով, պատասխանել ներկաներին հուզող հարցերին: Հանդիպմանը մասնակցել են ֆրանսահայ մամուլի ներկայացուցիչներ:

Երեկոյան նախարարը հանդիպել է «Սատար Ղարաբաղին» կազմակերպության հետ, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղին վերաբերող հարցեր: