12 հոկտեմբերի 2012 - 14:30 AMT
Հայկ Բաբուխանյան. Օսկանյանի փողերի պատմությունը գալիս է դեռ 90-ականներից

«ԲՀԿ-ն շատ տարօրինակ իրավիճակում է հայտնվել: Վերջինիս շարքերում ես տեսնում եմ հայրենասեր նվիրյալների, միևնույն ժամանակ տեսնում եմ նաև «թայֆաբազության» դրսևորումներ: Այսինքն, եթե մերն է, ուրեմն պետք է պաշտպանել: Ես չեմ հասկանում, թե ինչքանով է Օսկանյանը ԲՀԿ-ական»,- այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը և զարմանք հայտնեց, թե ինչպես կարող է զգալի ազդեցություն ունեցող քաղաքական գործիչը ֆինանսավորվել արտասահմանյան պետական կառույցների կողմից: Ըստ նրա՝ ակնհայտ է, որ Օսկանյանը ֆինանսավորվում է ուղղակի մորմոնական կառույցի կողմից: Եվ այստեղ խոսքը գնում է օտար պետությունների շահերի մասին:

Բաբուխանյանը հայտարարեց, որ Օսկանյանի հետ կապված փողերի հարցը գալիս է 1999թ.-ից: Այն ժամանակ Քոչարյանը ստորագրեց պայմանագիր, ըստ որի Հանթսմանը 1 դոլարով սեփականաշնորհեց երկաթբետոնի գործարանը: Եվ այդ փողերն իրականում Քոչարյանինն են. «Այստեղ համընկան 2 ուժերի շահերը. Ռոբերտ Քոչարյանի ցանկությունները և արևմտյան քաղաքականությունը, որոնք իրագործվելու եկան Վարդան Օսկանյանի ֆիգուրի վրա»,-ասաց նա և նշեց, որ եթե ԱՄՆ դեսպանը խառնվում է Հայաստանի գործերին, պաշտպանում է ինչ-որ անձի, սա ցույց է տալիս, որ խաղադրույքները կդրվեն հենց այդ անձի վրա:

Բանախոսի հավաստմամբ՝ երբ Օսկանյանը հայտարատել էր, որ Հայաստանում պետք է իրականացվի իշխանափոխության Լիբիական տարբերակը, ինքն այդ ժամանակ նրան առաջարկել էր բանավեճ անցկացնել: Հիմա նույնպես ՍԻՄ նախագահը Օսկանյանին կամ նրան ջանասիրաբար պաշտպանող գործիշներին հրավիում բանավիճել այս թեմաների շուրջ: