12 հոկտեմբերի 2012 - 18:29 AMT
Հարութ Սասունյան. Պետք է ստեղծել Սփյուռքի խորհրդարան համակարգելու համար Սփյուռքի գործունեությունը

«Ցեղասպանության ճանաչո՞ւմ, թե արդարության հետապնդում» թեմայով բացառիկ դասախոսությամբ Հայկական պետական մանկավարժական համալսարանում այսօր հանդես եկավ ճանաչված հասարակական գործիչ, հրապարակախոս, բարերար, Լոս Անջելեսի «Կալիֆորնիա կուրիեր» շաբաթաթերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը:

Դասախոսության ընթացքում նա խոսեց Հայոց ցեղասպանության, դրա ճանաչման, կորցրած տարածքների և վնասների հատուցման մասին: Բանախոսն անդրադարձավ նաև ցեղասպանությունից հետո աշխարհով մեկ սփռված հայերի ճակատագրին, նշելով, որ ցեղասպանություն վերապրողների հետագա սերունդների` իրենց հայրենիք վերադառնալու երազանքն այդպես էլ չիրականացավ և նրանք մշտապես մնացին աքսորի ճանապարհին:

«Հայոց ցեղասպանության ճանաչումը և նույնիսկ անտեսումը չպետք է դյուրացնի կամ խափանի դրա քննարկումը միջազգային դատարանների կողմից: Մենք մեր պատմական իրավունքները պետք է հետապնդենք իրավական ուղիներով` եվրոպական, միջազգային դատարանների միջոցով»- ընդգծեց նա:

Դասախոսության ավարտից հետո ուսանողներն ու դասախոսները Հարութ Սասունյանին ուղղեցին մի շարք հարցեր: «Իմ կարծիքով, դրանք վնասակար են հայ ժողովրդի շահերին և մեր պահանջատիրությանը: Ամեն ինչ արել եմ, որ այդ արձանագրությունները չվավերացվեն, և այսօր կարող եմ ասել` բախտավոր ենք, որ Թուրքիան չվավերացրեց այն և վերջինի շնորհիվ պաշտպանվեցին մեր շահերը»:

Իսկ հարցին, թե արդյո՞ք հակադրվելով այդ արձանագրություններին` չենք վտանգում ՀՀ ազգային անվտանգությունը` բանախոսը նշեց. «Հակառակը, դեմ լինելով այդ արձանագրություններին մենք պաշտպանում ենք Հայաստանի անվտանգությունը: Համաձայն եմ, որ Թուրքիայի հետ ստեղծվեն որոշ հարաբերություններ, սակայն դեմ եմ տվյալ արձանագրություններում առկա ձևակերպումներին: Կարծում եմ, որ մեզ օգտակար արձանագրությամբ պետք է Հայաստանի և Թուրքիայի միջև հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ, որի արդյունքում էլ կբացվեն սահմանները՚: Ցեղասպանության ճանաչման խնդրում արդյո՞ք Հայաստանը և Սփյուռքը արդյունավետ են աշխատում՝ հարցին ի պատասխան Սասունյանն ասաց. «Դեռևս բացթողումներ կան, և անհրաժեշտ է ավելի սերտ համագործակցություն, որի արդյունքում նոր կարելի է սկսել որևէ դատական գործընթաց»: Ի դեպ, Հարություն Սասունյանը առաջարկում է ստեղծել 350 պատգամավորից բաղկացած սփյուռքի խորհրդարան և կոորդինացնել սփյուռքի գործունեությունը:

Լինելով սիրիահայ` Հարութ Սասունյանը գնահատեց նաև ներկա իրավիճակը թուրք-սիրիական հարաբերություններում: Նա իրատեսական չի համարում Թուրքիայի հարձակումը Սիրիայի վրա, և այն դիտարկում է որպես «վախեցնող քայլ»: Ըստ բանախոսի, Թուրքիան չի ծրագրում պատերազմել, քանի որ գիտակցում է հետևանքների լրջությունը. «Թուրքիան ուզում է առանց պատերազմի` վախեցնելով և ճնշելով, հասնել իր նպատակին»: