Ռուսական հանրահայտ Տուրեցկու երգչախումբը (ՙՙХор Турецкогоՙՙՙՙ) հոկտեմբերի 15-ին կայանալիք երևանյան համերգում կատարելու է հանրահայտ «Իմ Հայաստան» (Армения моя) երգը: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց երգչախմբի գեղարվեստական ղեկավար Միխայիլ Տուրեցկին:
Խումբը Երևան է եկել քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով, երգել «Էրեբունի-Երևան-2794» տոնակատարությունների գալա համերգին, և փակ միջոցառմանը` Մեցցո ակումբում:
Տուրեցկին նշեց, որ կատարում են տարբեր երկրների ստեղծագործություններ, սակայն մշտական երգացանկի մեջ չեն մտցնում:
Երգչախումբը երևանյան հանդիսատեսին կներկայացնի 4 դարաշրջանի երաժշտություն:
Միխայիլը կատակով ասաց, որ իրենց երգացանկում շուրջ 400 երգ կա, և նրանք կարող են կես տարին մեկ գալ Հայաստան և չկրկնվել:
Ինչ վերաբերում է «Армения моя» երգին, ապա բանախոսը պատմեց, որ այդ երգի ստեղծման ակունքներում է կանգնած: «Անատոլի Դնեպրովն ինձ համար հեռախոսով է երգել այդ երգը»,-ասաց նա:
Տուրեցկին նաև ներկայացրեց իր ազգանվան ծագումը, քանի որ շատ խնդիրներ են ծագում դրա շուրջ: Երգչի նախնիները Լեհաստանում հրեական Տուրեց բնակավայրից են: