15 հոկտեմբերի 2012 - 15:04 AMT
Արայիկ Սարգսյանն առաջարկում է «խաղաղապահներ» գործուղել Սիրիա

«Եթե Հայաստանը կարող է խաղաղապահ առաքելություն իրականացնել Կոսովոյում, ջոկատ ուղարկել Իրաք մահմեդականներին պաշտպանելու նպատակով, ապա ինչո՞ւ մի այդպիսի առաքելություն էլ չի իրականացնում Սիրիայի հայերին պաշտպանելու համար»,- կարծում է ՌԴ աշխարհաքաղաքական հետազոտությունների ակադեմիայի փոխնախագահ Արայիկ Սարգսյանը:

Ըստ նրա, կարող է լինել 20-25 հոգուց կազմված մի խումբ, որոնք թեկուզ քաղաքացիական հագուստներով կշրջեն Սիրիայի հայաբնակ թաղամասերում և կպաշտպանեն բնակիչներին, քանի որ վերջիններս անգամ ամենապարզ զենքին չեն կարող տիրապետել ինքնապաշտպանության համար:

Փորձագետի կարծիքով՝ Սիրիայի հայ համայնքում պետք է կիրառվեր լոկալ պաշտպանության համակարգ, քանի որ այս դեպքում պետության բանակն ի վիճակի չէ իրականացնել դա: «Ցավոք, սիրիահայերը բավականին անկազմակերպ դրսևորվեցին և չկարողացան կիրառել այս համակարգը»,-ասաց Ա. Սարգսյանը և հավելեց, որ այսօր նրանց հույսը միայն Հայաստանն է: