15 հոկտեմբերի 2012 - 17:09 AMT
ԻՖՖ նախագահը կողմ է Պրանդելլիի՝ Կասանոյին Հայաստանի և Դանիայի հետ խաղերին չկանչելու որոշմանը

Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ջանկարլո Աբետեն հավանություն է տվել Իտալիայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելլիի որոշմանը՝ Հայաստանի և Դանիայի հետ ԱԱ-2014 ընտրական փուլի խաղերում Անտոնիո Կասանոյին հավաքականում չընդգրկելու վերաբերյալ:

Կասանոն, որը «Միլանից» տեղափոխվեց «Ինտեր», «Սկուադրա աձուրայի» առանցքային խաղացողներից էր Եվրո-2012-ին: 30-ամյա հարձակվողը, որը հավաքականի կազմում 35 խաղում խփել է 10 գոլ, հաջող է խաղում «Ինտերի» կազմում, սակայն Պրանդելլին ընտրական փուլում դեռ անտեսում է նրան:

«Կասանոյին չկանչելը գլխավոր մարզչի տակտիկական որոշումն է, նա ցանկանում է նոր խաղացողների փորձարկել: Օրինակ, Իսպանիայի հավաքականը կիսով չափ նորացրեց իր կազմը Եվրոպայի առաջնությունում հաղթանակից հետո: Այս պահին մենք անփոխարինելի խաղացողներ չունենք, բացառությամբ «Յուվենտուսի» կիսապաշտպան Անդրեա Պիրլոյի»,-մեջբերում է Աբետեին Football Italia-ն:

Իտալիայի առաջիկա խաղը Դանիայի հետ է: Իտալիան 7 միավորով խմբի առաջատարն է: