15 հոկտեմբերի 2012 - 20:29 AMT
Արագածոտնի մարզի 114 համայնքներից 29-ը 60 տոկոսից ցածր կատարողական են արձանագրել

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր խոհրդակցություն անցկացրեց Արագածոտնի մարզպետարանում, որի ժամանակ քննարկվեցին համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման, մարզում իրականացվող ծրագրերի ընթացքին առնչվող, ինչպես նաև այլ հարցեր: Խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետ Սարգիս Սահակյանը, մի շարք համայնքների ղեկավարներ, մարզպետարանի պատասխանատուներ: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինից:

Զեկուցվեց, որ 2012թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ մարզի համայնքների բյուջեների փաստացի մուտքերը նախատեսված 1 մլրդ 864 մլն դրամի դիմաց կազմել են 1 մլրդ 663 մլն դրամ, կատարողականը 89,2 տոկոս է: Սեփական եկամուտների (հինգ հարկատեսակների գծով) հավաքագրման մասով 60 տոկոսից ցածր կատարողական են արձանագրել մարզի 114 համայնքներից 29-ը, ներառյալ` Աշտարակ քաղաքը:

Փոխվարչապետը մեկ անգամ ևս կարևորեց համայնքներում արդյունավետ վարչարարության իրականացման հանգամանքը` նկատելով, որ հակառակ դեպքում համայնքը զրկվում է թե սեփական եկամուտների ողջ ծավալից, թե խոչընդոտներ են ստեղծվում համայնքներում իրականացվող ծրագրերի առումով:

Անդրադարձ եղավ նաև 2013 թ. հունվարի 1-ից «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի կիրարկման և նվազագույն աշխատավարձի դրույքաչափի փոփոխության ազդեցությանը համայնքային բյուջեների վրա: Ա.Գևորգյանը հանձնարարեց հստակեցնել դրանք վճարելու համար հնարավոր ֆինանսական աղբյուրները:

Խորհդակցությանը քննարկվեցին մարզի առաջնահերթ խնդիրների լուծման երրորդ ծրագրի ընթացքին և չորրորդի մեկնարկին առնչվող հարցեր: Զեկուցվեց, որ երրորդ ծրագրով մարզում իրականացված աշխատանքների ծավալը կազմում է 63,3 տոկոս:

Ծրագրով նախատեսված աշխատանքները կավարտվեն սահմանված ժամկետներում: Չորրորդ ծրագրով ևս մարզին հատկացված շուրջ 668 մլն դրամը, ինչպես նախորդ ծրագրերը, կուղղվի մարզի համայնքներում դպրոցների, բազմաբնակարան շենքերի տանիքների, ներհամայնքային ճանապարհների, ջրագծերի նորոգմանը: Նշվեց, որ մարզի որոշ համայնքներում ծրագրերի իրականացման նպատակահարմարության հարցը լրացուցիչ կքննարկվի` կախված սեփական եկամուտների հավաքագրման մակարդակից:

Անդարդարձ եղավ նաև հողօգտագործողներին մատչելի գնով պարարտանյութ և դիզելային վառելանյութ տրամադրելու պետական ծրագրերի ընթացքին, ինչպես նաև առաջին վերարտադրության ցորենի սերմացուի հավաքագրման գործընթացին:

Փոխվարչապետը համայնքապետերին հորդորեց հետևողական լինել ստանձնած պարտավորությունների իրականացման հարցում և համագործակցել գյուղնախարարության ներկայացուցիչների հետ: