17 հոկտեմբերի 2012 - 13:08 AMT
Հայաստանից առաքված մարդասիրական օգնությունն արդեն բաժանում են Հալեպի բնակիչներին

Հալեպում Կարմիր մահիկի բաժանմունքը սկսել է քաղաքի բնակիչներին բաժանել Հայաստանից ստացված մարդասիրական օգնությունը: Ինչպես հաղորդում է SANA գործակալությունը, Հալեպի նահանգապետ Մոհամմադ Վալիդ Աքադը նշել է, որ հայկական կողմի օգնությունը երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների դրսևորում է, ինչպես նաև շնորհակալություն հայտնել Հայաստանի կառավարությանը և ժողովրդին:

Իր հերթին, Հալեպում Հայաստանի հյուպատոս Կարեն Գրիգորյանը հայտարարել է, որ այդ օգնությունը հավաքված է հայ ժողովրդի կողմից, որին փորձությունների ծանր տարիներին Սիրիան իր աջակցությունն է ցուցաբերել:

Հալեպում Կարմիր մահիկի բաժանմունքի տնօրեն Հաել Ասիի խոսքով, օգնությունը, որը բաժանվում է Սիրիայում Հայաստանի դեսպանատան և ՀԱԵ թեմի համագործակցությամբ, կօգնի այն ընտանիքներին, որոնք տուժել են մարտական գործողությունների արդյունքում:

Հալեպ տեղափոխված մարդասիրական օգնությունը հավաքվել է «Օգնիր եղբորդ» ակցիայի շրջանակներում: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին ավելի վաղ հայտնել է ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանը, ընդհանուր առմամբ հավաքվել է շուրջ 40 տոննա պարենամթերք, ինչպես նաև 15 մլն դրամ ֆինանսական օգնություն: Առաջին խմբաքանակը` 14 տոննա պարենամթերք, արդեն առաքվել է Սիրիա, ևս 30 տոննա նախատեսվում է ուղարկել: