17 հոկտեմբերի 2012 - 13:58 AMT
Հայաստանը կմասնակցի Ռիմինիի զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսին

Սույն թվականի հոկտեմբերի 18-20-ին Իտալիայի Ռիմինի քաղաքում տեղի կունենա «TTG INCONTRI» զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսը, որին Հայաստանը կներկայացնի Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը հայկական 6 զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ:

Այս տարի ցուցահանդեսին կմասնակցեն շուրջ 130 երկրներից 2000 զբոսաշրջային ընկերություններ: Նախորդ տարի ցուցահանդեսը հյուրընկալել էր շուրջ 49 հազար այցելու:

Իտալական շուկան Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի զբոսաշրջության խթանման թիրախային ուղղություններից է, որի զարգացման համար ներդրված ջանքերն էական առաջընթաց են խոստանում:

Ուշագրավ է, որ Իտալիայից Հայաստան ներգնա զբոսաշրջության ոլորտում 2008-2011թթ. ժամանակահատվածում գրանցվել է մոտ 50 տոկոս աճ: Հաշվի առնելով տարեկան կտրվածքով աճի տեմպերը, 2012թ. նախատեսվում է իտալացի զբոսաշրջիկների Հայաստան այցելության մոտ 20 տոկոս աճ, հայտնում է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի Հանրային կապերի գրասենյակը: