17 հոկտեմբերի 2012 - 14:41 AMT
Ո՞վ է «Արմավիայի» նոր բաժնետերը. Դա կոմերցիոն գաղտնիք է

Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ավիաընկերությունը չի հաղորդում, թե ով է ընկերության նոր բաժնետերը: «Դա կոմերցիոն գաղտնիք է, երբ ժամանակը գա, մենք կհայտարարենք այդ մասին»,- PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել են «Արմավիայում»:

Ավիաընկերությունը հաղորդել է, որ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կողմից «Արմավիայի» չվերթների սպասարկման դադարեցումը կապված է նրա հետ, որ «Զվարթնոցի» ղեկավարությանը դուր չի եղել ավիաընկերության նոր բաժնետերը: «Զվարթնոցում» արդեն պնդում են, որ չվերթների սպասարկումը դադարեցվել է պարտքերի պատճառով. Ընկերության պարտքի չափը գերազանցել է նախօրոք համաձայնեցված գումարն ավելի քան 1 մլն դրամով, իսկ «Արմավիայի» ընդհանուր պարտքը կազմում է 3.360 մլն դոլար:

Ավելի վաղ հայկական մամուլում տեղեկատվություն է հայտնվել այն մասին, որ «Արմավիա» ավիաընկերությունը մտադիր է գնել արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը, ում տնօրինության տակ է գտնվում «Զվարթնոց» օդանավակայանը կամ Հայաստանի նախագահի փեսա Միքայել Մինասյանը: Ավելի ուշ Էռենկյանը հերքեց այդ լուրերը: «Ես ամենևին չեմ պատրաստվում գնել «Արմավիա» ավիաընկերությունը»,- լրագրողներին ասել է նա: