Հոկտեմբերի 17-ին ՀՀ գլխավոր հյուպատոսության նախաձեռնությամբ Լոս Անջելեսի Իրանահայերի միության դահլիճում ելույթ կունենա օպերային մեներգչուհի Արաքս Մանսուրյանը: Աշխարհահռչակ երգչուհին իր ուսանողուհու` Լիզա Բելլի հետ միասին կներկայացնի Կոմիտասի ստեղծագործությունները:
Բացի այդ, նոյեմբերի 2-ին օպերային երգչուհիները համերգով հանդես կգան Երևանում` Հայաստանի Պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համատեղ:
Արաքս Մանսուրյանը ելույթներ է ունեցել Հայաստանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում` որպես մեներգչուհի, ինչպես նաև Թբիլիսիի օպերային թատրոնում, Թումանյանի ծննդավայր Լոռիում, իսկ 1989-ին` ԱՄՆ-ում: Բազմիցս մենահամերգներ է ունեցել Հայաստանում և արտասահմանյան մի շարք երկրներում` ծրագրում եվրոպական երգահանների կողքին ունենալով Կոմիտաս, հոգևոր միջնադարյան երգեր, հայ երգահանների ստեղծագործություններ:
Ներկայումս օպերային երգչուհին բնակվում է Ավստրալիայում և հանդիսանում «Սիդնեյ Օպերա Հաուս»-ի մենակատար: Նրա շնորհիվ բազմաթիվ օտարազգի երիտասարդ երգիչների երգացանկում տեղ են գտել Կոմիտասի, Կանաչյանի, Մելիքյանի, Սպենդիարյանի և այլ հայ երաժիշտների ստեղծագործություններ: