13 ապրիլի 2005 - 11:53 AMT
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԳՏՆՈՒՄ Է, ՈՐ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԱԿՏԻՎԱՑՆԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՋԱՆՔԵՐԸ
Ռուսաստանը հնարավորություն ունի բարերար ազդեցություն գործելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը, տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: «Ռուսաստանը մեր բարեկամն է, գործընկերը, հարեւանն ու կարգավորման գործընթացի համանախագահը: Նա պետք է ակտիվացնի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը»,- նշել է նա: Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը հիշեցրել է, որ հինգշաբթի օրը ուղեւորվում է Լոնդոն` ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները շարունակելու համար: «Այժմ արդեն բոլորի համար պարզ է, որ եթե մենք ետ նայենք դեպի անցյալը, ապա շատ դժվար կլինի մտածել ապագայի մասին: Կարծում եմ, որ դա հասկանում են ամենուրեք` թե Մոսկվայում, թե Բաքվում եւ, հուսով եմ, Երեւանում»,- ավելացրել է Էլմար Մամեդյարովը: