17 հոկտեմբերի 2012 - 17:01 AMT
Յուսուֆ Քարշի արած լուսանկարը վաճառվել է ավելի քան 20 հազար դոլարով

Հանրահայտ Sotheby’s աճուրդի տան ամերիկյան մասնաճյուղում վաճառվել է հայազգի աշխարհահռչակ լուսանկարիչ Յուսուֆ Քարշի կողմից արված լուսանկարը:

Ինչպես հայտնում է աճուրդի տան պաշտոնական կայքը, 1970 թ-ին արված հռչակավոր բռնցքամարտիկ Մուհամեդ Ալիի լուսանկարի նախնական գինը տատանվել է 10-15.000 դոլարի միջև, և վաճառվել 21.250 դոլարով:

Կանադահայ հայտնի լուսանկարիչ Յուսուֆ Քարշը (Հովսեփ Քարշյան) ծնվել է 1908թ-ին Արևմտյան Հայաստանի Մարդին քաղաքում:

Ցեղասպանությունից իրենց կյանքը փրկելու համար ծնողները, երեք երեխաների հետ, որոնցից ավագը Հովսեփ-Յուսուֆն էր, ստիպված են լինում փախչել Սիրիա, որտեղից երկու տարի հետո Քարշի ծնողները բավականաչափ գումար հավաքելուց հետո իրենց ավագ որդուն ուղարկում են Կանադա, որտեղ Շերբրուկ քաղաքում ապրում էր նրա մորեղբայրը` լուսանկարիչ Ջորջ (Գրիգոր) Նաղաշը:

1941 թ. դեկտեմբերի 30-ին Քարշը լուսանկարեց Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինստոն Չերչիլին՝ Օտտավայի Համայնքների պալատում ելույթի ժամանակ: Life ամսագրում Չերչիլի դիմանկարի տպագրվելուց հետո Քարշի պատվիրատուներին թիվ չկար: Քարշի լուսանկարների ամենահայտնի հերոսների թվում են ԱՄՆ 12 նախագահները, Հռոմի 4 Պապերը, Բրիտանիայի բոլոր վարչապետները, խորհրդային առաջնորդներ Խրուշչովը, Բրեժնևը և Գորբաչովը, Ալբերտ Էյնշտեյնը, Նելսոն Մանդելան, Օդրի Հեփբերնը, Էռնեստ Հեմինգուեյը, Սոմերսեթ Մոեմը, Պաբլո Պիկասոն, Բեռնարդ Շոուն, Էլեոնորա Ռուզվելտը և այլոք:

Քարշի կյանքի 65 տարիները ողողված են եղել փառքով, բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր է: 100 այն մարդկանցից, որոնց International Who`s Who (2000 թ.) հրատարակությունը դասել է 20-րդ դարի ամենանշանավոր անձանց շարքին, դիմանկարային լուսանկարի վարպետ Յուսուֆ Քարշը լուսանկարել է 51-ին: