17 հոկտեմբերի 2012 - 18:23 AMT
«Հարսնաքարի» գործով դատական նիստը հետաձգվեց

Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ ընթացող «Հարսնաքարի» գործով դատական նիստը հետաձգվեց մինչև հոկտեմբերի 22-ը: Դատավորը որոշեց տուժողի իրավահաջորդի միջնորդության քննությունը հետաձգել մինչև հաջորդ նիստը: Նշենք, որ այսօր տեղի ունեցավ այս գործով 5-րդ դատական նիստը: Ամբաստանյալների պաշտպաններիը միջնորդել էին արգելել դատական նիստի լուսաբանումը: Նրանց խոսքով` լրատվամիջոցները դատական գործին և, մասնավորապես, ամբաստանյալներին անդրադառնում են՝ հաշվի չառնելով անմեղության կանխավարկածը՝ նրանց ներկայացնելով որպես հանցագործ: դատարանն այս միջնորդությունը մերժել էր: Ինչից հետո կողմերը միջնորդել էին գործի շրջանակներում անցկացնել կենսաբանական-մասնիկաբանական փորձաքննություն: Հիշեցնենք, որ 2012 թ. հունսի 17-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի աշխատակիցները, որոնցից մեկը Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամ է, դաժան ծեծի են ենթարկել մի խումբ քաղաքացիների: Նրանցից երեքը` Վահե Ավետյան, Արտակ Բայադյան, Գարիկ Սողոմոնյան, տեղափոխվել են հիվանդանոց: Հունիսի 29-ի երեկոյան Վահե Ավետյանը, գիտակցության չգալով, մահացել է: Մահվան դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ, կալանավորվել էր 6 մարդ: