17 հոկտեմբերի 2012 - 21:30 AMT
Սփյուռքի նախարարը արտերկրից ժամանած հյուրերին հորդորել է ներդրումներ կատարել Հայրենիքում

Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի անդամներին: Հանդիպման ժամանակ նախարարը տարբեր երկրներից ժամանած հյուրերին ծանոթացրեց ՀՀ սփյուռքի նախարարության հատկապես վերջին տարվա ձեռբերումներին, ներկայացրեց նախարարության գործունեության հիմնական ուղղությունները: Այնուհետև հյուրերի համար կազմակերպվեց ՀՀ սփյուռքի նախարարության պատվերով նկարահանված «Սփյուռքի դերը Հայաստանի Հանրապետության անկախության ձեռքբերման և կայացման գործում» ֆիլմի ցուցադրություն:

Ֆիլմի ցուցադրության ավարտին հանդիպման մասնակիցները մտքեր փոխանակեցին, մասնավորապես սփյուռքում առկա հայապահպանության խնդրի, հայկական մշակույթի տարածման ու հանրահռչակման, երիտասարդության շրջանում Հայաստանի ճանաչողության և այլ հարցերի շուրջ: ՀՀ սփյուռքի նախարարը ներկաներին հորդորեց ճանաչել հայկական իրականությունը, մասնակցել Հայաստանի տնտեսության զարգացմանը, ներդրումներ կատարել Հայրենիքում: